Ռուս զինվորականների համար ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունն անխուսափելի է։ Ուկրաինայի քաղաքներում միտումնավոր ստեղծված հումանիտար աղետի պատասխանատվությունն անխուսափելի է: Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում Մարիուպոլում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում, Ախտիրկայում, Գոստոմելում, Իրպինում. Ուկրաինայի բոլոր քաղաքներում։
Այս մասին մարտի 15-ի գիշերը հրապարակած իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ավարտվեց մեր դիմադրության 19-րդ օրը. պատմական պատերազմ։ Եվս մեկ դժվար օր, որը, այնուամենայնիվ, մեզ ավելի է մոտեցնում հաղթանակին, խաղաղությունը՝ Ուկրաինային։
Թշնամին դեռ շփոթված է. նրանք չէին սպասում նման դիմադրության։ Նրանք հավատացել էին այն քարոզչությանը, որը տասնամյակներ շարունակ ստում էր մեր մասին։ Նրանք դեռ չեն կարողանում ուշքի գալ, բայց նրանք արդեն սկսել են հասկանալ, որ պատերազմով ոչնչի չեն հասնի։
Դա գիտեն զինվորները, սպաները՝ հասկանում են։ Նրանք փախչում են մարտադաշտից՝ թողնելով տեխնիկան»,-նշել է նա։
Ուկրանինայի նախագահը դիմել է նաև այն զինվորներին, որոնք արդեն մտել են Ուկրաինայի տարածք և նրանց՝ ովքեր ուղարկվելու են իրենց դեմ կռվի։
«Ռուս ժամկետային զինծառայողներ, շատ ուշադիր լսեք ինձ, ռուս սպաներ․ դուք արդեն ամեն ինչ հասկացաք։ Ուկրաինայից ոչինչ չեք վերցնի, դուք կյանքեր եք խլելու: Դուք շատ եք, բայց ձեր կյանքը նույնպես վերցվելու է։
Բայց ինչո՞ւ մեռնել, հանուն ինչի՞։ Ես գիտեմ, որ դուք ուզում եք ապրել։ Մենք գաղտանլսել ենք ձեր խոսակցությունները, լսել, թե իրականում ինչ եք մտածում այս պատերազմի, այս ամոթի և ձեր պետության մասին։ Լսել ենք ձեր խոսակցությունները միմյանց հետ, ձեր զանգերը տուն հարազատներին, մենք լսում ենք այդ ամենը, մենք եզրակացություններ ենք անում, մենք գիտենք, թե ով եք դուք։
Ուստի ես ձեզ ընտրություն եմ առաջարկում եմ։ Ուկրաինացի ժողովրդի անունից ես ձեզ հնարավորություն եմ տալիս, ապրելու հնարավորություն։ Եթե դուք հանձնվեք մեր ուժերին, մենք ձեզ հետ կվարվենք այնպես, ինչպես պետք է վարվեն մարդկանց հետ՝ արժանապատիվ, ինչպես ձեզ հետ չեն վարվել ձեր բանակում և ինչպես ձեր բանակը չի վերաբերվում մերին։ Ընտրե՛ք»,-նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորականները շարունակում են ջախջախիչ կորուստներ պատճառել ռուսական զորքերին։
«Շուտով խոցված ռուսական ուղղաթիռների թիվը կհասնի հարյուրավոր միավորների։ Նրանք արդեն կորցրել են 80 մարտական ինքնաթիռ, հարյուրավոր տանկեր, հազարավոր այլ տեխնիկա 19 օրվա ընթացքում ռուսական բանակը Ուկրաինայում ավելի շատ զոհ է տվել, քան Չեչնիայում երկու արյունալի ու երկարատև պատերազմներում։ Հանուն ինչի՞»,-նշել է նա։
_________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։