Ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի, զգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Եթե ինչ-որ մեկը զենք ձեռքին հարձակվի մեր զինվորականների վրա, նրանք նույնպես թիրախ կդառնան, իհարկե», – հինգշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Այսպիսով, նա մեկնաբանել է Ուկրաինայի իշխանությունների որոշումը, որը թույլ է տվել Ուկրաինայի բնակիչներին զենք օգտագործել։
Պեսկովը հիշեցրել է, որ ի սկզբան Պուտինը կոչ էր արել բոլորին վայր դնել զենքերը, սակայն ընդգծել է, որ ռուս զինվորականների համար թիրախ են հանդիսանում բոլորը, ովքեր զինված դիմադրություն են ցույց տալիս։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։