Զելենսկու կուսակցությունն առաջարկում է նոր համաձայնագիր կնքել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ միասին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով նոր պայմանագիր ստորագրել։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«Դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային առաջիկա 15 տարիների ընթացքում, և դա հստակ ասում է: Մենք նույնիսկ բացարձակ արդար պատերազմի դեպքում չունենք աջակցություն դաշինքի կողմից: Քանի որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելն անհնար է, մենք չենք կարող օգտագործել միայն Սահմանադրության տողերը Դաշինքի ուղղությամբ մեր պետությունը պաշտպանելու համար։ Բայց պետք է կոնկրետ բաների մասին խոսենք։ Կոնկրետ համաձայնագրի մասին, որը կարող է ապահովել Ուկրաինային լիարժեք անվտանգություն, քանի դեռ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ մեզ ընդունել դաշինքի կազմում։

Այն պետք է սկզբունքորեն տարբերվի Բուդապեշտի հուշագրից՝ այն պետք է նախատեսի Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող պետությունների կոնկրետ քաղաքական, տնտեսական և ռազմական քայլեր»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Կուսակցությունը կարծում է, որ նման համաձայնագրում ԱՄՆ-ն, Թուրքիան և Ուկրաինայի հարևան երկրները Ռուսաստանի հետ միասին կարող են դառնալ երաշխավոր կողմեր։ Նման համաձայնագրի ստորագրմամբ Ռուսաստանը իրավական պարտավորություններ կունենա ճանաչել ուկրաինական պետությունը և հրաժարվել ուկրաինացի ժողովրդին և կառավարությանը սպառնացող սպառնալիքներից։

Կուսակցությունն ընդունում է, որ նման հայտարարությունները կարող են անհեթեթ թվալ, սակայն պնդում է, որ նոր պայմանագրով ամրագրվելու են երաշխավոր այլ պետությունների կոնկրետ քայլերը պայմանագրի դրույթները խախտող կողմի նկատմամբ։

Բացի այդ, երկրի նախագահի կուսակցությունը վստահեցրել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի զիջի իր տարածքը և չի համաձայնի որևէ վերջնագրի՝ կապված իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել