Ճապոնիան Ուկրաինային պաշտպանիչ զենքեր կմատակարարի. կողմերը պայմանագիր են ստորագրել

Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերխի Կորսունսկին հայտարարել է ասիական երկրի աննախադեպ աջակցության մասին, ինչպես նաև ստորագրել է պայմանագիր Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար պաշտպանիչ զենք տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«Այսօր (մարտի 8 – խմբ.) ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր Ուկրաինայի և Ճապոնիայի միջև նոտաների փոխանակման տեսքով՝ զինված ուժերի կարիքների համար անվճար պաշտպանիչ զենքեր տրամադրելու մասին, այն է՝ զրահաբաճկոններ, սաղավարտներ, վրաններ, ձմեռային հագուստ, դեղամիջոցներ, գեներատորներ, տեսախցիկներ, արտակարգ իրավիճակներում օգտագործման տարբեր գործիքներ: Ճապոնիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման գործողություն է տեղի ունենում։ Ուզում եմ իմանաք, որ Ճապոնիան աննախադեպ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային»,- ասել է Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան Սերխի Կորսունսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել