Հյուսիսատլանտյան դաշինքն իր նոր ռազմավարական հայեցակարգում պետք է Ռուսաստանին անվանի «ագրեսիվ երկիր»։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Մենք պետք է գիտակցենք, որ Ռուսաստանը ագրեսիվ երկիր է, և դա պետք է արտացոլվի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում»,- ասել է Լատվիայի նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։