«Սա Ռուսաստանի համար մղձավանջի պես է․ թշնամու հետք չի մնա»․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինացի ժողովուրդը չի նահանջում Ռուսաստանի հետ պատերազմում, իսկ նրանք, ովքեր կրկնում էին. «մենք մեկ ժողովուրդ ենք», ուկրաինացիներից նման հզոր արձագանքի հույսը հաստատ չունեին։

Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է մարտի 8-ի գիշերը ներկայացրած տեսաուղերձի ժամանակ։

«Մենք չենք նահանջում, երբ օկուպանտները կրակ են բացում և փորձում են բոլորին ցրել։ Դուք չեք նահանջում, մենք չենք նահանջում։ Իսկ նրանք, ովքեր կրկնում էին. «մենք մեկ ժողովուրդ ենք», հաստատ նման հզոր ռեակցիայի չէին ակնկալում։

Մեր պետության հարավում ծավալվել է այնպիսի համազգային շարժում, ուկրաինականության այնպիսի հզոր դրսևորում, որը մենք երբեք չենք տեսել այնտեղի փողոցներում ու հրապարակներում, և որը Ռուսաստանի համար մղձավանջի պես է»,- ընդգծել է նախագահը։

Նրա խոսքով՝ ռուսները մոռացել են, որ ուկրաինացիները չեն վախենում վագոններից, տանկերից, գնդացիրներից, քանի որ հիմա նրանց կողմից գլխավորն է՝ ճշմարտությունը։ Եվ այդպիսի քաջություն դրսևորել են Ուկրաինայի բոլոր քաղաքները՝ Մարիուպոլն ու Խարկովը, Չեռնիգովն ու Սումին, Օդեսան և Կիևը, Նիկոլաևը, Ժիտոմիրն ու Կորոստենը, Օվրուչը և շատ այլ քաղաքներ։

«Մենք գիտենք, որ այն ատելությունը, որը թշնամին հրետակոծություններով և ռմբակոծություններով բերեց մեր գեղեցիկ քաղաքները, այնտեղ չի մնա: Դրա հետքը չի մնա: Ատելությունը մեր մասին չէ: Հետևաբար, թշնամու հետք չի մնա»,- ասել է Զելենսկին:

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան կվերակառուցի ամեն ինչ և իր քաղաքները, որոնք ավերել է զավթիչը, ավելի լավը կդարձնի Ռուսաստանի ցանկացած քաղաքից։

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Էներգոդարի և Չեռնոբիլի պաշտպանների անսասանության համար։ «Բարբարոսները պարզապես չեն հասկանում, թե ինչ են ուզում գրավել, ինչ են ուզում վերահսկել: Ձեր բարեխիղճ աշխատանքը, կարևորագույն օբյեկտներում, իսկական սխրանք է, և մենք դա տեսնում ենք: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք դրա համար»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինական բանակին, որը խիզախորեն պահպանում է իր դիրքերը։


_________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:ա

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել