Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, թե ինչ աղետալի հետևանքների կհանգեցնի ռուսական նավթից հրաժարվելը

Ռուսական նավթից հրաժարվելը աղետալի հետևանքների կհանգեցնի համաշխարհային շուկայի համար՝ առաջացնելով գների աճ մինչև 300 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ նա հավելել է, որ եթե Եվրոպան հրաժարվի ռուսական էներգառեսուրսներից, Ռուսաստանը արդեն գիտի, թե որտեղ կարելի է մատակարարել այն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծի շուրջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել