ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծի շուրջ։ Այս մասին հայտարարել են Ներկայացուցիչների պալատի եկամուտների և ծախսերի հանձնաժողովն ու Սենատի ֆինանսական հանձնաժողովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի աղբյուրին, նախաձեռնության քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կարող է տեղի ունենալ արդեն երեքշաբթի։ Նշվում է, որ օրինագիծը, մասնավորապես, ԱՄՆ նախագահին իրավասություն կտա բարձրացնելու Ռուսաստանի և Բելառուսի ապրանքների առևտրային տուրքերը։
Նաև առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչը պետք է ձգտի հասնել ԱՀԿ-ում Ռուսաստանի մասնակցության սառեցմանը և Բելառուսի մուտքն այս կազմակերպություն կասեցնելուն։ Նախաձեռնությունը ենթադրում է նաև, որ ԱՄՆ նախագահը որոշակի պայմաններում կկարողանա վերականգնել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։