Ռուսաստանի զինված ուժերը մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ուկրաինայում հայտարարում են լռության ռեժիմ և հումանիտար միջանցքներ են բացում խաղաղ բնակության տարհանման համար:
Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը:
«Հումանիտար միջանցքներ բացելու ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը իրականացնում են չընդհատվող օբյեկտիվ վերահսկողություն տարհանման գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հումանիտար միջանցքներ են բացվելու Սումից, Կիևից, Մարիուպոլից և Խարկովից խաղաղ բնակչությանը տարհանելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։