Վիգեն Խ.-ն կրակել ու սպանել է շանը, նրան մեղադրանք է առաջադրվել

Վիգեն Խ.-ն 2021թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել։

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի փետրվարի 18-ին և մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Վիգեն Խ.-ն Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հարևանությամբ գտնվող երկաթուղային գծերի մոտ իրեն պատկանող «ԻԺ 12» մոդելի 12 տրամաչափի երկփողկանի որսորդական ողորկափող հրազենով կրակել է թափառական շանը՝ պատճառելով ցավոտ մահ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով (Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել