Ադրբեջանում պահվող երկու հայ ռազմագերիներ դատապարտվել են 19 և 18 տարվա ազատազրկման. Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևի սանձարձակ լեզուն պետք է կարճացնել ու վերջ դնել նրա ցինիզմին:

Այսօր Արդբեջանում ՀՀ զինված ուժերի զինծառայողներ Իշխան Սարգսյանը և Վլադիմիր Ռաֆայելյանը, որոնք գերեվարվել էին 2021թ․ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, դատապարտվել են համապատասխանաբար 19 և 18 տարվա ազատազրկման՝ իբրև թե Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։

Սա Ադրբեջանի և նրա ղեկավար Ալիևի հերթական լկտիությունն է, որով, ըստ էության, ցույց է տրվում այդ պետության և նրա ղեկավարի հակամարդկային էությունը։

Հայաստանի հետ իրապես խաղաղություն հաստատել ցանկացող պետությունը չի կարող այսպիսի գազանային վարքագիծ դրսևորել հայ գերիների նկատմամբ՝ մի կողմից նրանց որպես պատանդ պահելով, մյուս կողմից՝ երկարատև ժամանակահատվածով ու շինծու մեղադրանքներով դատապարտելով։

Վերը նշված երկու զինծառայողները խոշտանգվում են Ադրբեջանի կողմից բացառապես նրա համար, որ հայ են, հանդիսացել են Զինված ուժերի զինծառայողներ։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահն այսօր էլ հայտարարել է, որ Հայաստանը, որպես «ագրեսոր», պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին:

Բազմաթիվ անգամ ընդգծել եմ, այսօր կրկին վերահաստատում եմ, որ Ալիևի սանձարձակ լեզուն պետք է կարճացնել ու վերջ դնել նրա ցինիզմին:

Սա մեր արժանապատվության խնդիրն է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել