Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովը հայտնել է, որ քաղաք են մտել ռուսական զինուժի մոտ 100 միավոր ծանր տեխնիկա, բնակիչները փորձում են դիմադրել նրանց և մարտերը շարունակվում են քաղաքի անցակետում։ Այս մասին հայտնում է Украинская правда–ն:
Ժամը 16:46-ին քաղաքապետը հայտնել է, որ թշնամու ավելի քան 100 միավոր ծանր տեխնիկայի շարասյունը շարժվում է դեպի Էներհոդար (Զապորոժիեի շրջան), նա քաղաքացիներին խնդրել է անհապաղ հեռանալ փողոցներից, չօգտվել վերելակներից և փակել բնակարանների պատուհանները:
Ժամը 16:51-ին Օրլովը հայտնել է, որ հակառակորդի մոտ 100 միավոր զրահատեխնիկա հենց նոր մտել է Էներգոդար քաղաք, նրանց դիմադրում է խաղաղ բնակչությունը։ Կրակ է բացվել Էներգոդարի խաղաղ բնակչության վրա։ Քաղաքապետը նաև ասել է, որ մարտերը անցակետում շարունակվում են, ուկրաինացիներն ամեն ինչ անում են, որ հակառակորդի առաջընթացը կանգնեցնեն:
Նախնական տեղեկություններով՝ Կաշտանովա բուլվարում և Մոլոդեժնայա փողոցում գնդակոծության ժամանակ մի քանի տներ են վնասվել։ Վիրավորներ կան։ Հակառակորդի արկը հարվածել է նաև քաղաքի 2-րդ դպրոցին պատկանող տարածքին:
«Էներգետիկ ինժեներների քաղաքում հրետակոծության պատճառով ջրամատակարարումը դադարեցվել է, իսկ որոշ միկրոշրջաններում՝ էլեկտրաէներգիան»,- ավելի ուշ ասել է Օրլովը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն ուկրաինական հեռուստաալիքների համատեղ հեռարձակման ժամանակ ասել է. «Այժմ, ցավոք, իրավիճակը Էներգոդարում շատ լուրջ է։ Որքան հասկանում ենք, ռուսները հրաման են ստացել կրակել խաղաղ բնակչության վրա, և նրանց կասեցնելն անշուշտ գրեթե անհնար կլինի որևէ հանրահավաքներով կամ խաղաղ երթերով»։
Քաղաքապետը իր տելեգրամյան ալիքում հրապարակել է նաև տեսանյութ, որը կարող եք դիտել՝ այստեղ:
Նշենք, որ մարտի 2-ի նախօրեին Էներգոդարի բնակիչներն անզեն դուրս էին եկել ռուսական զինված ուժերի դեմ՝ ցույց տալու իրենց վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։