Ուկրաինան չի զիջելու Ռուսաստանի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան չի զիջելու Ռուսաստանի Դաշնության հետ իր տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում, այլ կքննարկի հումանիտար միջանցքների ստեղծումը, զինադադարը և իրավիճակին վերադարձը մինչև Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկը։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մենք չենք զիջելու մեզ համար սկզբունքային հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է: Ուկրաինան աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում: Իհարկե, մենք շահագրգռված ենք նաև հրադադար հաստատելուն»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ այժմ վաղ է կանխատեսել, թե կոնկրետ ինչ կստացվի բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի այն դիրքորոշումները, որոնք հայտարարվել են։

«Եկեք հաջողություն մաղթենք մեր բանակցողներին, եթե Ռուսաստանը բարեխղճորեն մոտենա այդ բանակցություններին, ապա հնարավոր կլինի ինչ-որ լուծումներ գտնել»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել