Բացահայտվել են պաշտոնեական դիրքի չարաշահման, խարդախության փորձի և պաշտոնեական կեղծիքի դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ:

Այս մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, խարդախություն կատարելու դիտավորությամբ Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ:

Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գ. Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում: Արդյունքում տեսուչը Գ. Գևորգյանի դրդմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։

Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։

Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գևորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Գարիկ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ, 38-308-րդ և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել