Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսաուղերձ է հղել ու ասել հետևյալը․
«Ընկերներ, hարգելի կիևցիներ.
Հակառակորդը մայրաքաղաքին ավելի ու ավելի մոտ է կենտրոնացնում ուժերը։ Գիշերը ռուսները գնդակոծել են Սպիտակ եկեղեցին, մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում։ Մենք պատրաստվում ենք և պաշտպանելու ենք Կիևը։
Ես կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը, մի հավատացեք ապատեղեկատվությանը, թշնամին ուկրաինացիներին ջարդելու համար շատ ստեր է տարածում։ Վստահեք միայն պաշտոնական ռեսուրսներին:
Կիևը կանգնած է և կկանգնի, պայքարելու ենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։