Պուտինը մեկուսացված է աշխարհից․ Ջո Բայդենի ելույթը Կոնգրեսում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին դիմել է «Պետության վիճակը» ելույթով․ «Ես կքննարկեմ այն ​​առաջընթացը, որը մենք ձեռք ենք բերել անցած տարվա ընթացքում և իմ տեսլականը՝ ավելի լավ Ամերիկա կառուցելու համար»։

Նա նշել է, որ հասկանում է՝ ազատությունը միշտ կհաղթի բռնապետությանը։ Բայդենն ասել է, որ վեց օր առաջ Պուտինը որոշել է սասանել ազատ աշխարհի հիմքերը, բայց նա բախվել է մի պատի, որի մասին պատկերացում չուներ։ Խոսքը ուկրաինացի ժողովրդի մասին է։

«Նախագահ Զելենսկի, ուկրաինացիներ, դուք ոգեշնչում եք ողջ աշխարհին: Ուկրաինացի ուսանողները, ուսուցիչները, նրանք բոլորը վերածվել են զինվորների: Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, ասել է. «Լույսը կհաղթի խավարին»։ Այո, մենք՝ Միացյալ Նահանգները, կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի հետ կողք կողքի: Մենք գիտենք պատմության դասերը. եթե բռնապետին չկանգնեցնեն, նա առաջ է գնում»,- հավելել է Բայդենը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի վրա հարձակումն անհիմն էր։

«Պուտինը մեկուսացված է աշխարհից, ինչպես երբեք պատմության մեջ: Մեր դաշնակիցների հետ մենք դիմում ենք հզոր տնտեսական պատժամիջոցների, ինչը լիովին անիմաստ է դարձնում Պուտինի ռազմական ներուժը:

Այսօր ես ասում եմ Պուտինին և ռուս օլիգարխներին, ովքեր միլիարդավոր դոլարներ են գողացել այս ռեժիմի արդյունքում՝ մենք վերջ ենք դնում սրան։ Նրանց շքեղ բնակարանները, զբոսանավերը, ինքնաթիռներն ու հաշիվները՝ մենք նրանց կձերբակալենք։ Այս օրվանից մենք արգելում ենք Ռուսաստանից բոլոր չվերթները։ Եվ դրա համար պատասխանատու է միայն Պուտինը»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային ազատության համար պայքարում։ Խոսքը տնտեսական, հումանիտար, ռազմական օգնության մասին է։

«Մեր զորքերը չեն կռվի Ուկրաինայում, բայց ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը՝ մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով։

Մենք հստակ հասկանում ենք, որ ուկրաինացիները խիզախություն են ցուցաբերում, բայց առաջիկա օրերը նրանց համար դժվար են լինելու։ Եվ թող Պուտինը առաջ գնա, ուկրաինացի ժողովուրդը չի հրաժարվի իր ազատությունից ու իր 30 տարվա անկախությունից։ Մենք փորձության ենք ենթարկվում, բայց ուկրաինացի ժողովրդի երկաթյա կամքը կօգնի մեզ հաղթահարել այն: Թեև Պուտինը իր տանկերով շրջապատել է Կիևը, նա չի կարող հաղթել ուկրաինացի ժողովրդի սրտերն ու հոգիները, նրանց ազատասիրությունը: Նրան երբեք չի հաջողվի խարխլել ազատ աշխարհի վճռականությունը»,- ամփոփել է Բայդենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել