Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ երկրի խորհրդարանում Ուկրաինային օգնելու համար անհատույց արյան դոնորության ակցիա կանցկացվի, որի ընթացքում խորհրդարանի անդամներն ու աշխատակազմը արյուն են նվիրաբերելու ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ուկրաինացի մարտիկներին: Այս մասին հայտարարել է առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեն:
Ինչպես նշել է Դիմիտրի Խունդաձեն, այսօր ծանր իրավիճակում է ոչ միայն Ուկրաինան և Եվրոպան, այլև ողջ աշխարհը, քանի որ ռուսական ագրեսիան հատել է բոլոր սահմանները։
«Այսօր Ուկրաինան այս ագրեսիայի զոհն է։ Արդեն մի քանի օր է, ինչ ուկրաինացի ժողովուրդը հերոսաբար կռվում է: Այսօր աշխարհը միասնական է, և ես հավատում եմ, որ դա անպայման արդյունքի կբերի։ Ուկրաինան մեր աջակցության և օգնության կարիքն ունի։ Վրաստանի կառավարությունը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել՝ դեղամիջոցներ, սպառվող նյութեր, արյան բաղադրամասեր և այլն։
Բազմաթիվ վիրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ ու երեխաներ մարտի դաշտում վիրավորվում են:
Երեկ մենք որոշեցինք ուկրաինացիներին օգնելու համար ծրագրել արյան նվիրատվության լայնածավալ ակցիա։ Ակցիան արդեն կազմակերպված է և սկսում ենք այսօր՝ մարտի 1-ին:
Նշեմ, որ խորհրդարանում ակցիան լինելու է պատգամավորների և խորհրդարանի աշխատակիցների համար։
Դրսում երիտասարդների արյունը եռում է։ Այս եռացող արյունը մենք կհավաքենք ու կուղարկենք մեր բարեկամ ուկրաինացիներին։
Դիմում եմ առողջապահության նախարարությանը՝ ամբողջ երկրում արյան դոնորության ակցիա կազմակերպելու համար։ Կոչ եմ անում նաև բոլոր պատգամավորներին, հատկապես մեծամասնության անդամներին, ովքեր կարող են իրենց թույլ տալ գումար հավաքել սեփական խնայողություններից և մեր ուկրաինացի ընկերներին բժշկական պարագաներ ուղարկել: Ուկրաինացի ժողովրդին մաղթում եմ տոկունություն և հաղթանակ ազատության համար մղվող այս պայքարում։ Վրաստանը նրանց կողքին է և մասնակից է լինելու ողջ գործընթացին»,- ասել է Խունդաձեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։