Պուտինին զեկուցել են ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է նախօրեին կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին, սակայն գնահատական ​​տալու համար դեռ վաղ է, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, նախագահը տեղեկացված է։ Մեդինսկին (խմբ․-ռուսական պատվիրակության ղեկավար) անձամբ է զեկուցել, ընդ որում՝ գրավոր»,- ճշտող հարցին պատասխանել է Պեսկովը։

«Հիմա դեռ վաղ է գնահատականներ տալը, մենք չէինք ցանկանա դա անել ժամանակից շուտ: Մենք պետք է վերլուծենք դրանք, իսկ հետո մտածենք ապագայի մասին», – հավելել է Կրեմլի խոսնակը:

Ընդ որում, Կրեմլը գնահատական ​​չի տալիս Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքին, դա միայն ՊՆ-ի իրավասությունն է։ Ուստի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ռազմական գործողության հաջողությունը.

«Մենք իրավասու չենք որևէ գնահատական ​​տալու, և դա մեր իրավասությունների մեջ չէ: Ռազմական արշավի, հատուկ գործողության ընթացքը բացառապես պաշտպանության նախարարության իրավասությունն է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ խորհուրդ տալով կապ հաստատել ՊՆ-ի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել