Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄն-ի որդեգրած անվճռական դիրքորոշումից: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նա հայտարարել է, որ հատկապես փետրվարի 24-ից այս կողմ նրանց դրսևորած ամուլ կեցվածքը թուրքական կողմն իր համար որպես դաս է ընդունել ու ավելացրել.
«Չնայած մենք այս ամենի փորձառությունն արդեն ունեցել ենք, երբ նախկինում մեր սահմանները վտանգված էին: Ուկրաինական ճգնաժամի ժամանակ վերահաստատվեց: Մեզ համար կարևորը մեր դիրքորոշումն է:
Թուրքիան կատարել և կատարելու է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի և այլ կազմակերպությունների ու դաշինքների շրջանակներում իր պարտավորությունները»: Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»:
Ըստ Էրդողանի` Թուրքիան արդեն հասել է այն մակարդակին, որ կարողանում է քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու հետախուզական ենթակառուցվածքներով իր սեփական քաղաքականությունը մշակել և իրականացնել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։