Փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 304-ը՝ վիրավորվել։ Այս մասին երկուշաբթի օրը Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում, նա նշել է. «Հինգշաբթի առավոտից մինչև երեկ երեկո, մեր գրասենյակը գրանցել է 406 քաղաքացիական զոհ, այդ թվում՝ 102 սպանված, այդ թվում յոթ երեխա, 304 վիրավոր: Ես վախենում եմ, որ իրական թվերը շատ ավելին են»,-ասել է գերագույն հանձնակատարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։