«Հանրապետություն»․ «Այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթույլատրելի է»

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմի վերաբերյալ․

«Ունենալով Ուկրաինայի իշխանության հետ հակասական փոխհարաբերություններ, ունենալով Արցախի չլուծված հիմնահարց, որի լուծումը մենք տեսնում ենք, ոչ թե «Ընդհանուր պետության», այլ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, ունենալով չավարտված պատերազմ և չճշտված սահմաններ, որում գործուն դերակատարություն ունի և երրորդ կողմ է համարվում Ռուսաստանի Դաշնությունը, որ պարտադրում է մեզ խնամքով և զգուշավոր արտահայտվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթույլատրելի է մեր կարգավիճակում գտնվող պետության համար և կարող է նույն կերպ դրսևորվել մեր պարագայում։

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը բացարձակ արժեք է, մենք հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա, համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել