Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրում ցուցադրել է Ուկրաինայի պետական դրոշը։ Ուկրաինայի պետական դրոշով շինության լուսանկարը Twitter-ում հրապարակել է բրիտանական կառավարության ղեկավարը։ Այս մասին հայտնում է NV.ua-ը:
Դրանով Ջոնսոնը համերաշխություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը ռուսական զինված ուժերի ներխուժումից։
«Միացյալ Թագավորությունը կաշխատի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ ապահովելու Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության վերականգնումը»,-վերջինս նշել է լուսանկարի վերնագրում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։