Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի զինվորականներին առաջարկել է երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվեցին Կիևում և պատանդ վերցրեցին ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա:
ՌԴ ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին՝ թույլ չտալ արմատականներին օգտագործել խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։