Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: Սա ամրագրված է նաև Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։

«Այս առումով, բացահայտման արդյունավետության տեսանկյունից կարևորվում է, նախևառաջ, կոռուպցիոն հանցագործությունների տեսակների հստակեցումը և դրանց շրջանակի օրենքով սահմանումը: Ուստի, փոփոխություն կկատարվի ՀՀ քրեական օրենսգրքում՝ նախատեսելով կոռուպցիոն հանցագործությունների կողմնորոշիչ ցանկը: Մասնավորապես, Գլխավոր դատախազի կողմից հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկը ներառում է հանցագործությունների բավականին լայն շրջանակ: Մինչդեռ համապատասխան իրավապահ մարմինների մասնագիտացման, ինչպես նաև վիճակագրության մշակման տեսանկյունից առավել նպատակահարմար է ցանկը սահմանափակել բացառապես կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործություններով՝ հիմք ընդունելով նաև ՏՀԶԿ-ի կողմից Հայաստանի գնահատման 4-րդ փուլի զեկույցով առաջադրված հանցագործությունների ցանկը:

Կոռուպցիոն դեպքերի բացահայտման, մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման տեսանկյունից առանձնակի կարևորվում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումը և դրա իրացման կառուցակարգերի սահմանումը: Այս առումով, փոփոխություններ կկատարվեն ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում՝ նախատեսելով համապատասխան կառուցակարգեր:

Միաժամանակ, կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության ապահովումը նախատեսվում է նաև կոռուպցիոն գործերի քննության մեթոդիկայի մշակման և ընդունման, և, ըստ այդմ, քրեական հետապնդման մարմինների մասնագիտացման բարձրացման միջոցով:

Ռազմավարության առաջնահերթություններից է լինելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Այս առումով կարևորվում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը: Վերոնշյալի նպատակով կմշակվի համապատասխան օրենսդրություն, քայլեր կձեռնարկվեն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման ուղղությամբ, կամրապնդվի միջազգային համագործակցությունը: Նախատեսվում է ակտիվների վերադարձն իրականացնել in rem սկզբունքի կիրառմամբ»,-նշված է ռազմավարության մեջ։

Հավելենք, որ 2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել