Խանութ-սրահում ադամանդե քարով ոսկյա մատանին փոխել է այլ արծաթյա մատանու հետ, ապա աշխատակցի նկատելուց հետո կուլ տվել այն

Զարուհի Մ.-ն Ենոք Մ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի առևտրի կենտրոներից մեկում գործող խանութ-սրահից 877 հազար դրամ արժողության ադամանդե քարով ոսկյա մատանի հափշտակելու վերաբերյալ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Վերջիններս 2021 թվականի նոյեմբերի 1-ին Ենոք Մ.-ին պատկանող ավտոմեքենայով գնացել են նշված առևտրի կենտրոն: Ավտոմեքենայում Ենոք Մ.-ն Զարուհի Մ.-ին է փոխանցել իր կողմից նախապես ձեռք բերված 8000 դրամ արժողության արծաթյա մատանին, որից հետո  Զարուհի Մ.-ն մտել է խանութ-սրահ, սրահի աշխատակցից ուսումնասիրելու պատրվակով վերցրել նշված ադամանդե քարով ոսկյա մատանին, հետո աշխատակցին է վերադարձրել Ենոք Մ.-ից վերցրած ադամանդե քարով ոսկյա մատանուն նման արծաթյա մատանին:

Սակայն խանութ-սրահի աշխատակիցը վերցնելով արծաթյա մատանին, մշակվածության աստիճանից և դրա վրա առկա քարերի չափերից կասկածել է, որ այն փոխարինված է մեկ այլ մատանիով և համոզվելու նպատակով կշռել է այն: Զարուհի Մ.-ն, տեսնելով, որ խանութի աշխատակիցը գլխի է ընկել, կուլ է տվել ադամանդե քարով ոսկյա մատանին:

Սրահի աշխատակիցները՝ նայելով տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ահազանգել են ոստիկանություն, ինչի արդյունքում ոստիկանության աշխատակիցները Զարուհի Մ.-ին բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Բժշկական հետազոտության արդյունքում մատանին հայտնաբերվել է վերջինիս օրգանիզմում:

Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի հունվարի 17-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Զարուհի Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-176 մաս 2 կետ 2 հոդվածի հատկանիշներով (կողոպուտի փորձ, որը կատարվել է խոշոր չափերով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել