Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։ Նա տեսաուղերձ է հղել:
Նա նշել է, որ ՌԴ իշխանությունների հետ համաձայնությամբ Ռոստովի մարզում տեղ է հատկացվել Դոնեցկի և Լուգանսկի բնակչության համար, սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ տեղափոխման համար։
Նա հավելել է, որ Կիևի իշխանություններն ավելացնում են ռազմական անձնակազմի թիվը հակամարտության գոտում և այնտեղ զինամթերք են կուտակում։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերը, ունենալով մարտական գործողություններ իրականացնելու փորձ, գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ։ Նրանք լիովին ունակ են պաշտպանելու խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, երբ հակառակորդը գնդակոծում է հանրապետության բնակավայրերը, մեր քաղաքացիների կյանքը կարող է վտանգվել»,- ասել է Պուշիլինը։
Նմանատիպ հայտարարություն է արել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա հայտարարել է խաղաղ բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին, իսկ գերատեսչություններին հանձնարարել է ապահովել այդ գործընթացը։
Նախօրեին Դոնբասի Հանրապետությունը հայտարարեց, որ իրավիճակը շփման գծում սրվել է՝ Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Միաժամանակ Ուկրաինան պնդում է, որ իրենք մտադիր են խնդիրը լուծել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։