Եվրախորհրդարանի ղեկավարները չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարություն են ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք դատապարտել են ռուսական ռազմական ագրեսիան և պահանջել զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայի սահմանից։
«Ուկրաինան կանգնած է Ռուսաստանի Դաշնության կողմից աննախադեպ ռազմական ագրեսիայի սպառնալիքի առաջ: Սա ոչ միայն սպառնալիք է Ուկրաինայի և նրա ժողովրդի անվտանգությանը, այլև սպառնալիք է Ուկրաինայի բարգավաճող ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը, նաև՝ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Մենք համոզված ենք, որ որևէ երկրի դաշնակիցների ընտրությունը չպետք է հավանության արժանանա երրորդ երկրի կողմից: Մենք աջակցում ենք եվրոպացի առաջնորդների դիվանագիտական ջանքերին՝ լարվածությունը թուլացնելու համար և կոչ ենք անում Ռուսաստանին նպաստել անհապաղ դեէսկալացիային»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանը նաև հաստատել է իր մտադրությունը աջակցել «վճռական պատասխանին, եթե Ռուսաստանը շարունակի չկատարել իր միջազգային պարտավորությունները և հարձակվի Ուկրաինայի վրա»:
«Մենք վերահաստատում ենք մեր կոչը Եվրամիության խորհրդին՝ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների շուտափույթ ընդունմանը անդրատլանտյան գործընկերների և այլ համախոհների հետ սերտ համագործակցությամբ: Նման պատժամիջոցները պետք է ներառեն Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից՝ անհատական պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահին մոտ գտնվող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ, ենթադրելով ԵՄ-ում ֆինանսական և ֆիզիկական ակտիվների սառեցումը և ճանապարհորդությունների արգելք: Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանի ղեկավարները «անբաժան համերաշխություն են հայտնել Ուկրաինայի ժողովրդին»։
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Ուկրաինային «միասնություն և հաստատակամություն պահպանել իր համապարփակ բարեփոխումներում` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտում ստանձնած պարտավորությունների համաձայն»: