Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում, բայց ՌԴ-ն դրանում մեղավոր չէ. Շոյգու

Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ հանդիպմանը։

«Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Եվ դա մեր մեղքը չէ: Մենք այնքան էլ լավ չենք հասկանում այս լարվածության պատճառները։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այն աճում է»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկա բանակցություններում կողմերը կքննարկեն «այդ լարվածության թուլացման արդիական հարցերը»։

«Ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին ուղղված մեր առաջարկները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ, որոնք մենք ուղարկեցինք դեկտեմբերին, արձագանք ստացան հունվարին։ Հիմա այդ ամենը դիտարկված է: Կարծում եմ, որ առաջիկայում մեր պատասխանը նույնպես կհաջորդի»,- ասաց նա։

Ըստ Շոյգուի՝ արևմտյան երկրները կարող են նպաստել Եվրոպայում լարվածության թուլացմանը, դրա համար նրանք պետք է դադարեցնեն զենք մատակարարել Ուկրաինային։

«Մեր կողմից մենք կցանկանայինք առաջարկել նաև նպաստել այս լարվածության նվազեցմանը և դադարել Ուկրաինային զենք մատակարարել: Բոլոր կողմերից դա գալիս է, դա արվում է հրապարակային, արվում է տպավորիչ ձևով։ Ամենևին պարզ չէ, թե ինչու: Կցանկանայի նաև հասկանալ, թե ինչու է Բրիտանիան՝ թագավորությունը, իր հատուկջոկատայիններին ուղարկել Ուկրաինա և ինչքա՞ն են նրանք մնալու այնտեղ,- հարցնում է նախարարը:

Նախօրեին Մոսկվայում բանակցություններ են կայացել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Ռուս նախարարը հանդիպումը որակել է որպես «խուլ ու համրի» խոսակցություն։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն իդեալական չեն, և դա Մոսկվայի մեղքը չէ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 11-ին հայտարարել է, որ Եվրոպայում զինված հակամարտությունների վտանգը պահպանվում է։ Նա նաև հաստատել է Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակի ֆոնին արևելյան ուղղությամբ դաշինքի ներկայությունն ուժեղացնելու մտադրությունը։ Ինչպես «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Սերգեյ Օրջոնիկիձեն, ՆԱՏՕ-ի մտադրությունն ուժեղացնել իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում ցույց է տալիս, որ դաշինքը շահագրգռված չէ էսկալացիայի թուլացմամբ:

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն սրում է իրավիճակը Ուկրաինայի շուրջ, որպեսզի մեծացնի իր ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ։ Նա նաև նշել է, որ Արևմուտքը կարող է օգնել նվազեցնել Ուկրաինայում էսկալացիան, եթե երկրից հետ կանչի ռազմական հրահանգիչներին և դադարեցնի զենքի մատակարարումը։

Վերջին շաբաթների ընթացքում արևմտյան քաղաքական գործիչները և լրատվամիջոցների ներկայացուցիչները բազմաթիվ շահարկումներ են տարածում Ուկրաինա ռուսական հնարավոր «ներխուժման» մասին։ Ռուսական կողմը բազմիցս հերքել է նման հայտարարությունները։ Մոսկվան ընդգծել է, որ չի մշակում Ուկրաինա «ներխուժման» ծրագրեր, և որ զորքերի մարտական ​​պատրաստության բոլոր միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի տարածքում։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերը։ Փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է ՆԱՏՕ-ի չընդլայնում դեպի արևելք, դաշինքի զինատեսակների դուրսբերում 1997 թվականի դիրքեր, ինչպես նաև հարվածային զենքի չտեղակայում Ռուսաստանի սահմանների մոտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել