The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը, փոխանցում է Aliq.ge-ն:
Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գտնվում է Հոնդուրասի և Լիբերիայի միջև։
Որպեսզի Վրաստանն անցնի «թերի ժողովրդավարության» ավելի բարձր կարգավիճակի, նրա միավորը պետք է լինի 6-ից բարձր։
Հատկանշական է, որ 2012 թվականին Վրաստանի միավորը եղել է 5,95, 2016 և 2017 թվականներին երկիրը 5,90-ից բարձր միավոր է ունեցել, թեև 2018 թվականից Վրաստանում ժողովրդավարության վիճակը զգալիորեն վատթարացել է։
Ըստ Economist-ի՝ 2021 թվականին ամբողջ աշխարհում ժողովրդավարության վիճակը վատթարացել է։ Եթե 2020 թվականին համաշխարհային միջին միավորը 5,37 էր, ապա 2021 թվականին այն նվազել է մինչև 5,28։ Ընգծենք, որ երկու դեպքում էլ ժողովրդավարության համաշխարհային միջին ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան Վրաստանում։
Վրաստանն այլևս տարածաշրջանի առաջատար դեմոկրատական երկիրը չէ.
Ըստ The Economist-ի՝ եթե մինչև 2018 թվականը Վրաստանում ժողովրդավարության վիճակն առաջ էր Ուկրաինայից և Հայաստանից, ապա այժմ այդ երկրները ժողովրդավարության մակարդակով առաջ են Վրաստանից։
- Վրաստան՝ 5,12 միավոր, 91-րդ տեղ, (հիբրիդային ռեժիմ),
- Հայաստան՝ 5,49 միավոր, 89-րդ տեղ, (հիբրիդային ռեժիմ),
- Ուկրաինա՝ 5,57 միավոր, 87-րդ տեղ, (հիբրիդային ռեժիմ),
- Ադրբեջան՝ 2,68 միավոր, 141-րդ տեղ, (ավտորիտար ռեժիմ),
- Ռուսաստան՝ 3,24 միավոր, 124-րդ տեղ (ավտորիտար ռեժիմ)։
The Economist-ը գնահատել է ժողովրդավարության վիճակը 167 երկրներում։ Դրանցից առաջին տեղում Նորվեգիան է՝ 9,75 միավորով, երկրորդում՝ Նոր Զելանդիան՝ 9,37, երրորդում՝ Ֆինլանդիան՝ 9,27 միավոր։ ԱՄՆ-ը 7,85 միավորով 26-րդ տեղում է, Ֆրանսիան՝ 22-րդ՝ 7,99 միավոր, Գերմանիան՝ 15-րդ, Բրիտանիան՝ 18-րդ, Ճապոնիան՝ 17-րդ։
Նշենք, որ ժողովրդավարության մակարդակը որոշվում է ընտրական գործընթացով, կառավարության գործունեությամբ, քաղաքականությանը մասնակցությամբ, քաղաքական մշակույթով և քաղաքացիական ազատություններով: