Փաստաբան Արսեն Սարդարյանը հայտնում է, որ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը ավարտվել է, որոշումը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 7-ին ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ գլխավոր դատախազի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ, որը խորհուրդը բավարարել էր:
Ավելի վաղ Իրավաբան․net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել էր, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապ չունի Աշոտ Մինասյանի գործի հետ:
Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։