Առաջարկվում է «բալային համակարգը» վերացնել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացնում է Արամ Վարդևանյանը։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (Օրենսգրքի) այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

«9 միավոր է տրվում ՀՀ բոլոր վարորդներին, այդ միավորների սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում։ Այս իշխանությունները ՀՀ քաղաքացիներին հստակ խոստում էին տվել առ այն, որ ՀՀ քաղաքացիները «տուգանքի մատերիալ չեն»։ Այս տուգանային համակարգի ներդրմամբ 2021 թվականին միայն 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունք է կասեցվել», – հայտարարեց նախագիծը ներկայացնող պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, թե ընդունելի մոտեցում չէ, երբ խախտում կատարելու դեպքում տուգանային միավոր է կիրառվում, տուգանքն էլ ֆինանսական միջոցով է կիրառվում։

«Բնավ չեմ պնդում, որ իրավախախտումներ կատարող վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն։ Մոդելը կարող էր այլ կերպ լինել, միայն տուգանային միավորներ կիրառել՝ առանց տուգանքի ֆինանսական բաղադրիչի։ Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել իրավիճակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ ՃՏՊ-ների դեպքում՝ մահվան ելքերի տեսանկյունից», – հայտարարեց Վարդևանյանը։

Հիշեցնենք` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանային համակարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը` վեց ամսով։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելու մասին հարցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել