Նախագահը կընտրվի մարտին․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի  մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը ԱԺ 65 պատգամավորների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։ Նա նշեց, որ դա որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել, այլ նաև կընտրվի նախագահի պաշտոնում։

«Էս պահին չեմ շնորհավորում։ Երևի պատեհ չի առաջադրվելու առթիվ շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել։ Հույս ունեմ, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք ԲՏԱ պաշտոնում Ձեր դերակատարումը և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով միասին աշխատել Կառավարությունում»,-նշեց նա։

Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ասաց՝ հասկանում է, թե ինչ է նշանակում առաջադրել թեկնածու:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի անձնապես իմ համար, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը», – ասաց նա:

Նախագահի թեկնածուն ընդգծեց՝ այն, ինչ նախագծվել է, հետագայում կտա այն ծրագրերի իրականացման հնարավորությունը, որի մասին ամեն օր խոսում են:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Սահմանադրության բերումով ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում ու առաջնորդվում է համազգային պետական շահերով:

«Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջանորդվում է պետական ու համազգային շահերով, ԱԺ-ն նույնսպես, այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերը ինչ լիազորություններ ունեն, այո, շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, սա չի նշանակում, որ չկա բանավեճ, ես պիտի ընդգծեմ՝ կառավարության ու ԱԺ-ի միջև կա մշտական բանավեճ, ավելին, կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ», – հայտարարեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել