Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով այսօր ընթացող դատական նիստի ժամանակ գործով տուժող Պարույր Հայրիկյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը ուսումնասիրի գործի նյութերից դուրս մի ապացույց:
Ըստ այդ ապացույցի՝ Ռուսաստանի քաղաքացիներ Էդուարդ և Ալեքսանդր Աբրահամյանները Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձից առաջ հարյուր հազար դոլար են փոխանցել Վարդան Սեդրակյանի հաշվին: Հայրիկյանը նշեց, որ այդ փաստը իր համար կասկածելի է:
Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ գործի սահմաններից դուրս է:
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը խափանման միջոցը փոխելու և որպես նոր խափանման միջոց գրավն ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց, ինչպես նաև խնդրեց, որ որպես գրավ ընդունվի Վարդան Սեդրակյանի ամբողջ շարժական և անշարժ գույքը:
Ըստ Սիրունյանի, եթե անգամ մեկ ապացույց լիներ Սեդրակյանի դեմ, իրենք այդ քայլին չէին դիմի. «Բացակայում են Վարդան Սեդրակյանի դեմ առաջադրված մեղադրանքի հիմքերը: Չկա անգամ մեկ հանգամանք, որը կապացուցի, որ Սեդրակյանը կապ ունի Հայրիկյանի հետ պատահած դժբախտությանը: Նրա կալանավորումն անտեղի է»:
Ըստ նրա՝ Սեդրակյանի գրասենյակից հայտնաբերված Հայկական ժամանակ օրաթերթը, որտեղ Հայրիկյանի նկարի վրա Սեդրկայնաը ինչ-որ բաներ է նկարել, որպես մահափորձի ապացույց չի կարելի համարել:
Սիրունյանը դատարանին ներկայացրեց նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից տրված համապատասխան փաստատթուղթ՝ ըստ որի Սեդրակյանն ունի առողջական խնդիրներ, բայց վերջինիս վիճակը կայուն է:
Պաշտպանության կողմը չառարկեց ներկայացված միջնորդությանը: Չառարկեցին նաև տուժող Հայրիկյանը և նրա պաշտպանը՝ Լևոն Բաղդասարյանը:
«Ես ի սկզբանե դեմ եմ եղել նախնական կալանավորմանը: Եթե հնարավոր է միջնորդություն եմ ներկայացնում, որպեսզի մյուս ամբաստանյալների նկատամաբ կիրառված խափանման միջոցը ևս փոխվի»:
Հիշյալ միջնորդությանն առարկեց գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը:
Դատարանը շուրջ երեք ժամ տևած խորհրդակցությունից հետո որոշեց մերժել պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: