Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործի քննությունը:
Տուժող, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն այս անգամ ևս չէր ներկայացել դատական նիստին առողջական խնդիրների պատճառով:
Դատարանում ցուցմունք տվեցին գործով վկաներ Պարույր Հայրիկյանի կինը` Սուսաննա Ավագայանը և դուստրը` Նարե Հայրիկյանը:
Վկա Սուսանն Ավագյանը նշեց, որ կրակոցի օրը տանն աղջկա հետ հեռուստատցույց էին դիտում, երբ աղջիկն ուժեղ աղմուկ լսեց, հեռուստացույցն անջատեց, մոտեցավ պատուհանին և բղավեց. «Մամ, հայրիկն է»: Նա միայն ամուսնու օգնություն կանչող բղավոցն է լսել:
Վկայի խոսքով` այդ պահին ինքը միանգամից դուրս է եկել շքամուտք և տեսել ամուսնուն աստիճաների մեջ ընած. «Մի պահ ինձ թվաց ինֆակտ է, բայց հետո տեսա արյունը: Ուզում էի մոտենալ, գրկել ամուսնուս, բայց արյունը շիթի նման թափվում էր վրաս»:
Կնոջ խոսքով` հարևաններից մի քանիսն արդեն մոտեցել էին Հայրիկյանին, գլուխը բռնել էին, ապտակում էին, որ ուշագնաց չլինի:
Նարե Հայրիկյանը դատարանին հայտեց, որ բակում խուլ պայթունի ձայն է լսել, մոտեցել է պատուհանին, սակայն ոչ մեկի չի նկատել, միայն հոր` գետնին ընկնող պորտֆելն է տեսել, ապա դուրս է եկել շքամուտք, տեսել հորը գետնին ընկած:
Հարցաքննվել են նաև Պարույր Հայրիկյանի հարևանները` Սեդա Գևորգյանը, Խաչատուր Ջանազյանը:
Սեդա Գևորգյանը նշեց, որ դեպքի օրը հեռուստացույց էր դիտում: Սկզբում ուշադրություն չի դարձրել ձայնին` կարծելով, թե երեխաները բակում խաղում են, բայց մի քանի րոպե անց լսել է օգնության ձայներ, դուրս է եկել շքամուտք և տեսել Հայրիկյանին ընկած:
«Սկզբում ճչոց էր, հետո օգնեցեք, օգնեցեք»,- ասաց հարևանը: Վերջինիս խոսքով` հարևաններից մի քանիսը փորձում էին օգնել Պարույր Հայրկյանին, որ ուշագնաց չլինի:
Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Նրա կարծիքով` ցուցմունքների մեջ էական հակասություններ կան: Դատարանը միջնորդությունը բավարարեց:
Վկան նախաքննական ցուցմունքի ժամանակ նշել է, որ ինքը պատուհանից դուրս է նայել, բայց կասկածելի ոչ մեկին չի տեսել, մինչդեռ դատարանում հայտնեց, որ լսված ձայներին էական նշանակություն չտալով` պատուհանից դուրս չի նայել:
Այդ հակասությունը վկան մեկնաբանեց` նշելով, որ այդ ժամանակ հոգեկան ծանր վիճակում է գտնվել, մի քանի քննիչ է քննել իրեն, դրա համար գուցե շփոթված լինի ու չի հիշում, որ նման բան ասած լինի: Սեդա Գևորգյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ինքը պատուհանից դուրս չի նայել:
Քիչ անց վկանն մտաբերեց, որ երբ քննիչներից մեկն իր համար ընթերցում էր իր տված ցուցմունքը, նա նկատել է անճշտություններ, որը չի համապատասխանում իր ասածի, բայց քննիչն ասել է ոչինչ:
Գործով մյուս վկա, Պարույր Հայրկյանի հարևան Խաչատուր Ջանազյանի նախաքննական ցուցմունքները ևս հրապարակվեցին հակասությունների պատճառով: Վկան դատարանին հայտնեց, որ հստակ չի հիշում, թե քանի անգամ է կրակոցի ձայն լսել, բայց նախաքննական ցուցմունքի ժամանակ երկու անգամ էր նշել: Նա իր ցուցմունքի ժամանակ նշեց նաև, որ լսել է Հայրիկյանի բղավոցները. «Օգնեցեք, օգնեցեք, խբեցին»:
10 րոպե ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդության հիման վրա: Խաչատուր Պողոսյանը բողոքել է առողջական վիճակից: Շտապ օգնության ծառայության աշխատակիցները զննելուց հետո շաքարային դիաբետ են ախտորոշել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:
Արև Ավագյան
Իրավաբան.net