Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքով գործի քննության ժամանակ ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ:
Նիստի ընթացքում հարացաքննվեցին գործով չորս վկաներ, որոնցից երեքը Պարույր Հայրիկյանի հարևաններն էին:
Նրանց ցուցմունքները գրեթե համըկնում էին:
Գործով վկա, Պարույր Հայրիկյանի հարևան Ամալյա Խաչատրյանը դատարանին հայտնեց, որ ամուսինը դրսից ինչ-որ ձայներ է լսել, մոտեցել է, բացել պատուհանը ու լսել Պարույր Հայրիկյանի օգնություն կանչող ձայնը: Միանգամից դուրս են եկել ու տեսել, որ Հայրիկյանն արյան մեջ շաղախված ընկած է գետնին:
Նույն գործով վկա Արտավազդ Դավթյանն իր ցուցմունքում նշեց, որ կրակոցի կամ դրա նման որևէ ձայն չի լսել:
Վկա Կարեն Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ ինքը երկու «ճտոց» է լսել, բայց դա կրակոցի ձայն էր, թե` ոչ, ասել չի կարող: Վերջինս նշեց նաև, որ լսել է օգնություն կանչող ձայն, պատուհանից դուրս է նայել և տեսել շքամուտք մտնող Հայրիկյանին:
Վկան դատարանին տեղեկացրեց նաև, որ տեսել է փախչող մի մարդու, բայց արտաքին տվյալների հետ կապված ոչինիչ չի հիշում:
Ցուցմունքով հանդես եկավ նաև տաքսու վարորդը՝ Կարեն Զաքարյանը, ով ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին դեպքից հետո տեղափոխել է Քանաքեռի ռենտգեն ինստիտուտ:
Վկան լավ չէր հիշում դեպքի մանրամասները և միայն մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանի տված հարցերի օգնությամբ էր կարողանում պատմել օրվա մանրամասները: Դատարանին և նախաքննական մարմնին տված ցուցմունքի ժամանակ էական հակասությունների պատճառով, դատախազը միջնորդոթյուն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Ցուցմունքի հրապարակումից հետո Կարեն Զաքարյանը նշեց, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքից որոշ փաստեր հիմա չի հիշում: Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքը:
Նշենք, որ վկան նախաքննական ցուցմունքի ժամանակ նշեց էր, որ այն տղամարդը ում ինքը տեղափոխել է Քանաքեռ եղել է սև գլխարկով, ինչը դատարանում տված ցուցմունքի ժամանակ ժխտեց: Նախաքննական ցուցմունքի ժամանակ նշել էր նաև, որ մինչև տեղ հասնելն իր ուղևորը մի քանի անգամ խոսել է հեռախոսով և ինչ-որ մեկին ասել, որ գա և վճարի տաքսու գումարը: Դրանից զատ, պարբերաբար տեղյակ է պահել նաև իր գտնվելու վայրի մասին: Նա նախաքննական ցուցմունքի ժամանակ նշել էր նաև, որ ամբաստանյալը ճանապարհին պարբերաբար ձեռքը տարել է վերարկուի տակ՝ դեպի սիրտը, որտեղից տոպրակի խշշոց է լսվել, որը գրավել է վկայի ուշադրությունը:
Արև Ավագյան