Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից

ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից դուրս են եկել Ալմաթիից և շարժվել դեպի իրենց մշտական ​​տեղակայման վայրերը: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դեպքի վայրից հայտնել է ТАСС-ի թղթակիցը։

Նշվում է, որ Հայաստանի ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկան բեռնել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռներում և անձակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից:

Նշենք, որ հունվարի 7-ին Պաշտպանության նախարարությունից հայտնեցին.

«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)»։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արևմուտք) Ժանոզեն և Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արևելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը:

Ի պատասխան իշխանությունները մինչև հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել