Եկեք տրամադրենք մեզ, որ նոր սահմանափակումներ չեն լինի. Վահրամ Դումանյան

Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնի նոր սահմանափակումների վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու սահմնափակումները չեն վերաբերում նաև կրթական հաստատություններին:

«Կրթական հաստատություններում արդեն կա սահմանված կարգ և այնտեղ կգործի այն կարգը, որը եղել է: Գիտե՛ք, այդ կարգն էր կամ պատվաստում, կամ թեստի առկայություն: Կրթական հաստատությունները՝ ինչ-որ իմաստով, հաստատուն անձնակազմ ունեն, այդ պատճառով այնտեղ կլինի այնպես, ինչպես եղել է»,-ասաց նախարարը:

Դումանյանը նշեց, որ այս պահին կրթական հաստատություններում նոր սահմնափակումների միտում չկա:

«Եկեք տրամադրենք մեզ, որ չենք սահմանափակի, որովհետև ցանկացած սահմանափակում կրթական համակարգի համար մեծ սթրես է, դրանից կրթության որակը տուժում է»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից կորոնավիրուսով պայմանավորված, գործելու են մի շարք նոր սահմանափակումներ։

Մասնավորապես․ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.

⇒ կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,

 կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից,

 կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել