Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով հաստատել է կառավարության նոր կազմը։
Ռոման Սկլյարը նշանակվել է հանրապետության առաջին փոխվարչապետ։
Փոխվարչապետի պաշտոնները կզբաղեցնեն Եռալի Տուգժանովը, Մուխթար Թլեուբերդի և Բախիթ Սուլթանովը։
Էներգետիկայի նախարարի պաշտոնում Մագզում Միրզագալիևին փոխարինել է Բոլատ Աքչուլակովը։
Իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովը և ներքին գործերի նախարար Երլան Թուրգումբաևը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արևմուտք) Ժանոզեն և Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արևելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը:
Ի պատասխան իշխանությունները մինչև հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսել: