ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի խմբագրված տարբերակը:
Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Եթե հիշում եք, օրենքի նախագծի որոշ դրույթներ հակասահմանադրական էին ճանաչվել Սահմանադրական դատարանի կողմից: Բայց այժմ նոր, խմբագրված օրենքը շրջանառվել է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, շուտով կներկայացվի Ազգային ժողովում: Հույս ունեմ, որ խմբագրված օրենքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,-շեշտեց նախարարը:
Նրա խոսքով՝ նոր տարբերակում բուհերի կառավարման խորհուրդը բաղկացած կլինի 12 անձից: 50 տոկոսը լիազոր և հիմնադրի կողմից, 50 տոկոսը բուհի կողմից, որտեղ կլինեն պրոֆեսորադասախոսական կազմից անդամներ և ուսանողներ: