Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գնահատման ամփոփիչ ելույթում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային։
Ըստ Չավուօղլուի՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում ու այդ գործընթացում կարևոր է Ադրբեջանի հետ խորհրդակցությունը։
«Երկու կողմն էլ նշանակել է իր հատուկ ներկայացուցիչներին։ Հարկավոր է վայր և ժամկետներ սահմանել նրանց դեմ առ դեմ հանդիպման համար։ Ծրագրվում է առաջին հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ Մենք ցանկանում ենք, որ նախքան առաջին հանդիպումը լինեն ուղիղ շփումներ»,- ասել է Չավուշօղլուն։