«Ապրելու երկիր» կուսակցությունն Արցախի հարցով հայտարարություն է տարածել, որում ասվում է․
««Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` Արցախի հարցով մեր նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը ստորադասել։
Այս համատեքստում կուսակցությունը սատարում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 26.12.2021թ․ հայտարարությունը և հայտնում է իր անվերապահ աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։
Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցում ենք 1992թ․ հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշման մասին, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ մի քանի հիմնական դրույթների էր անդրադարձել՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, որոնք առնչվում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում։
Նշենք նաև, որ վարչապետի հնչեցրած հայտարարությունների առթիվ դեկտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ հայտարարություն տարածեց, որտեղ ընդգծում էր, որ դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են և նշում էր մի քանի պատճառներ։