Եկեղեցական հայրերի մեջ տարածված էր այն սկզբունքը, որ բերում է միասնության․ միություն՝ կարևոր բաներում, ազատություն երկրորդական բաներում և սեր ամեն ինչում։ Եվ այս բանաձևն էր եկեղեցում առաջնորդում միության։ Այս մասին Իրավաբան․net-ի «Եկեղեցին և իրավունքը» շարքի շրջանակներում՝ զրուցելով քրիստոնեության և դրա ծագման մասին, նշեց Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Տեր Ադամ քահանա Մակարյանը։
-Տեր Ադամ, կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր հոգևոր ուսումնառությունից, թե ինչպե՞ս որոշեցիք ընտրել հոգևորականի կյանքը, ինչպես անցաք այս ուղին ու ինչ գործունեություն եք այժմ ծավալում։
-Հոգևոր ուսումնառությունս անցել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այստեղ ուսումնառությունը բոլորովին տարբերվում է այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունից, որովհետև նախ մնում են վանական միջավայրում և շփումն ավելի շատ եկեղեցու հոգևորականների հետ է, ինչպես նաև դրսից մեր սիրելի դասախոսների, ովքեր սիրահոժար կերպով գալիս են և իրենց գիտելիքները մատուցում մեզ։
-Պատանի են լինում, երբ որոշում են ընտրել այս ուղին։ Դժվա՞ր չէ այդ տարիքում թողնել աշխարհիկ կյանքը, ընկերական շրջապատն ու մտնել լրիվ մի ուրիշ աշխարհ։
-Երբ ձեռնադրություն է կատարվում՝ սարկավագական կամ քահանայական, ձեռնադրվողներն ափերը բարձրացնում են, ի տես ժողովրդի, որ նշանակում է հրաժարում այս աշխարհից։ Բայց այս աշխարհից հրաժարումը չի նշանակում հրաժարվել այս աշխարհի բոլոր լավ իրողություններից, որոնք Աստված ստեղծել է մարդկանց համար։ Այդ հրաժարումը նշանակում է հրաժարվել բոլոր վատ իրողոթյուններից, որ նշան է ոչ միայն հոգևորականների, այլև բոլոր հավատացյալների, բոլոր բարոյական, առաքինի մարդկանց համար և հետևաբար՝ հոգևորական դառնալով մարդը չի հրաժարվում ոչ ծնողներից, ոչ ընկերական շրջապատից, ոչ բարեկամներից ու հարազատներից, ոչ բոլոր լավ իրողություններից, որ տալիս է Աստված։ Հաճախ ես շփոթում եմ նկատում հավատացյալների մոտ, որոնք ուզում են անընդհատ իրենց կյանքը չարչարանքների վերածել՝ մտածելով, որ այստեղ չարչարանքներ կրելով այնտեղ կարժանանան դրախտային երանության։ Դա նշանակում է մերժել Աստծո տված բոլոր վայելքները, Աստծո տված պարգևները, այս կյանքի շնորհը։ Պետք է հրաժարվել միմիայն վատ իրողություններից, մեղքերից և կյանքի այն բոլոր լավը, բոլոր վայելքները, կյանքի մեծագույն պարգևը, որ Աստված տվել է, մարդ պետք է շնորհակալությամն ընդունի և այդ կյանքը վայելի առաքինի, հավատավոր, բարեպաշտ կերպով։
-Կպատմեք, ինչպե՞ս ստեղծվեց, առաջացավ քրիստոնեությունը։
-Քրիստոնեության հիմնադիրը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Բայց այս առումով պետք է նշենք, որ քրիստոնեությունը տարբերվում է մյուս բոլոր կրողններից, որովհետև մյուս կրոնների հիմնադիրները մարդիկ են և իրենք էլ իրենց այդպես հայտարարել են, իբրև մարդիկ, որոնք մշակել են պաշտամունքի այս կամ այն համակարգը, որոնք իբր ինչ-որ հայտնություն են ստացել և այդ հայտնության վրա իրենք հիմնել են այդ կրոնը։ Քրիստոնեությունը տարբերվում է նրանով, որ նրա հիմնադիրը ոչ թե մարդ է, այլ Աստված է և այս իմաստով քրիստոնեությունը կրոն չէ, դասական ըմբռնումով, այլ՝ Աստծո հայտնությունը մարդկանց, ինչպես որ Քրիստոս մարդացավ մեզ համար, աշխարհ եկավ, այնպես էլ քրիստոնեությունն իր միջոցով եղավ ոչ թե կրոն, կրոնական համակարգ, այլ եղավ Աստծո հայտնությունը մարդկանց մեջ։
Հայտնություն ասելով մենք տարբերում ենք բնական և գերբնական հայտնություններ։ Բնական հայտնությունը մեր շուրջն է՝ բնությունը, աշխարհը, մարդիկ, շրջապատը, տիեզերքը, այդ ամենի կարգավորությունը, որ կոչվում է բնական հայտնություն, որոնց դու նայելով, արդեն բարձրանում ես քո մտքով դեպի Աստված, որովհետև այս ամենը, ամբողջ կարգավորությունը, այդ հիանալի իրողություններն ինքնստիքյան չէին կարող առաջանալ։ Ինչպես որ սովորական մի գիրք ինքնստիքյան չի կարող առաջանալ։ Իսկ գերբնական հայտնությունն արդեն հատուկ Աստծո կողմից բերված հայտնությունն է։
-Որո՞նք են քրիստոնեության հոսանքները և կասեք, թե ինչ առանձնահատկություններ դրանք ունեն։
-Հիմնականում կարող ենք տարբերել ուղղփառ՝ օրթոդոքս հավատքը, կաթոլիկությունը և բողոքականությունը։ Հայ եկեղեցին հին արևելյան ուղղափառ եկեղեցիներից է, բայց մենք վերցրել ենք առաքելական անունը՝ շեշտելու համար, որ Քրիստոսի առաքյալներն են անմիջապես հիմնադրել Հայ առաքելական եկեղեցին։
Կաթոլիկությունը կաթոլիկ եկեղեցու հիմնական անվանումն է, որ շեշտում է ընդհանրականությունը, այսինքն եկեղեցու ընդհանրական բնույթը, որ եկեղեցին ընդհանուր է բոլոր հավատացյալների համար և եկեղեցիները մեկ են և եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։
Իսկ բողոքականությունը, որն առաջացավ արդեն 16-րդ դարում, բողոքում էր կաթոլիկ եկեղեցում մուտք գործած դատապարտելի բարքերի և վարմունքների դեմ, դրա համար այդ բողոքական անվանումը վերցրեց։ Պետք է ասել, որ եկեղեցում, հատկապես միջնադարյան շրջանում հակառակություններ եղան տարբեր հոսանքների միջև, և արդեն 12-րդ դարում մեր հայրապետներից Սուրբ Ներսես Շնորհալին շեշտում էր, նաև եկեղեցական հայրերի մեջ տարածված այն սկզբունքը, որ բերում է միասնության, այսինքն․ միություն՝ կարևոր բաներում, ազատություն երկրորդական բաներում և սեր ամեն ինչում։ Եվ այս բանաձևն էր եկեղեցում առաջնորդում միության։ Եվ մարդու անձնական կյանքում, հասարակական կյանքում, ընտանեկան կյանքում այս բանաձևն է, որ կարող է դեպի բարօրություն առաջնորդել, և եթե մենք այսօր էլ եկեղեցու հայրերի, եկեղեցու մեծ գործիչների հաստատած այդ բանաձևով շարժվենք՝ միություն՝ կարևոր բաներում, ազատություն երկրորդական բաներում և սեր ամեն ինչում, ապա այդպես բարօրություն կլինի մարդու թե՛ անձնական, թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական ու պետական կյանքում։
-Կխնդրեմ, նշենք, թե որոնք են քրիստոնեության, հավատքի հիմնական թեզերը։
-Հավատքի հիմնական թեզերն անդրադարձված են Հավատամքի մեջ, որն ամեն կիրակի ասվում է եկեղեցում։ Դա Սուրբ երրորդության հանդեպ հավատքն է Աստծո կողմից աշխարհի ստեղծման, Սուրբ հոգու ներգության մարգարեների մեջ և մարդկանց մեջ ու Քրիստոսով փրկվելու ու Քրիստոսի երկրորդ գալստյան։ Խոնարհությունը, ներումը և սերը քրիստոնեական կյանքի մեծագույն խորհուրդներից են։
-Տեր Ադամ, մենք հարցազրույցն անցկացնում ենք Գանձատանը, որտեղ տեսնում ենք տարբեր դարերից հասած մասունքներ, խնդրում եմ պատմեք նաև դրանց մասին, թե ինչպես են դրանք հասել թանգարանին։ Ի՞նչ վիճակում է այժմ գտնվում թանգարանը, ինչի կարիք այն ունի։
-Իհարկե թանգարանի նմուշների համար հատուկ պահպանման կանոներ կան, որոնց Մայր Աթոռում խստությամբ հետևում են․ դրանք և՛ ջերմաստիճանի կայուն պահպանությունն է, և պահարանների հատուկ պատրաստվածությունն է։ Այս մասունքները մեզ եկել են դարերի խորքից և մասունքներ էլ կան, որ ստանում ենք տարբեր եկեղեցիներից կամ տարբեր հավատավոր մարդկանց կողմից, ինչպես օրինակ 2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքից մի մաս մեզ տրվեց կաթոլիկ եկեղեցու կողմից։
Մասունքները սրբերի մասունքներն են, որոնք հիմնականում աջաձև պատյանների մեջ են պահվում և իրենց զորությունն ունեն։ Մյուռոնօրհնեքը կատարում են Սուրբ խաչի մասունքով, Քրիստոսի խաչափայտից մի մասունք պահվում է մեր եկեղեցում, ինչպես նաև Գեղարդով, որպիսի այն օրհնությունը, որն իր մեջ պարունակում է Գեղարդը նաև փոխնացվի սբ․ մյուռոնին, որով հավատացյալների համար մկրտության արարողությունն ժամանակ դրոշմն է կատարվում։
Թանգարանը բոլոր քաղաքացիների համար բաց է և աշխատակիցները նաև շրջայցեր են կազմակերպում, որպեսզի մարդիկ ավելի մանրամասն ծանոթանան եկեղեցու թանգարանային սրբություններին, թանգարանային արժեքներին։
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար, օրհնեցեք, Տեր հայր։
-Աստված օրհնի ձեզ։
Մանրամասները՝ տեսանյութում