Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Պակիստանում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստից հետո, ասուլիսի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։
Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտածում են անցկացնել Թուրքիայում: Նա նշել է, որ այդ մասին խոսել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ հույս ունեն, թե հանդիպման կմասնակցի նաև Վրաստանը (Վրաստանն ավելի վաղ հրաժարվել էր այս ձևաչափով հանդիպումից՝ առաջարկելով հարաբերությունների կարգավորման իր սեփական տարբերակը):
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է նշանակվել:
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։