Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։
Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ՀՀ արդարադատության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հետ։
-Պարոն Հարությունյան, Արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։
-Չկա մի որևէ իրավական փաստաթուղթ, որը հնարավոր չէ բարելավել և բարեփոխել, բայց որպեսզի բարեփոխումը լինի արդյունավետ, իմաստալից անհրաժեշտ է ի սկզբանե իրականացնել ախտորոշում, որևէ խոսք այդ մասին, առ այս պահը չի հնչել։
-Արդյո՞ք Սահմանադրությունը ոչ կենսունակ է։
-Առ այս պահը ես չեմ տեսել մի որևէ լուրջ խնդիր, որը շաղկապված է այս Սահմանադրության հետ։ Խորհրդարանական կառավարման անցումը եղել է շատ հիմնավորված: Այլ բան է, որ ապաշնորհ կառավարումը թույլ չի տվել հասնել այն արդյունքներին, որոնք մենք ուրվագծել էինք։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։
-Պարզ չէ, թե այդ ինչ նկատի ունեն, ասելով՝ ոչ կենսունակություն է ցույց տվել, ես առ այս պահը դա չեմ տեսել։ Ես տեսել եմ ապաշնորհ կառավարում, ես տեսել եմ բացարձակ տգիտություն՝ հարցերում, որոնք հույժ կարևոր են պետության զարգացման համար։ Ես չեմ տեսել որևէ լուրջ խոցելի տեղ գործող Սահմանադրության մեջ։
-Վարչապետը դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստացե՞լ եք, եթե ստանաք կնդունե՞ք։
-Մեկ անգամ ևս կրկնեմ, որ սահմանադրական բարեփոխումներն իմաստալից են, երբ ուրվագծվում են, թե ինչ խնդիրներ են առկա, առ այս պահը ոչ մի խնդիր առկա չէ և այդ պայմաններում խոսել բարեփոխումների մասին լուրջ չէ։
-Ըստ ձեզ, ինչո՞ւ են սկսում այս գործընթացը։
-Կարծում եմ, որ ունեն իշխանությունը պահելու խնդիր և իշխանությունը պահելու համար փորձ են անում փոխել Սահմանադրությունը։
Մանրամասները` տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան