Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայումս գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս գործին»,- ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտքը։
«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ: Հիշում եմ առաջին թռիչքը, երբ մենք թռանք Բաքու, և վերադառնալուն պես տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն թռել էին Երևան, Էրեբունի օդանավակայան, դրանք արցունքներ էին, չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է գլխավոր հրամանատարի տեղակալը։