Այս մի կտորը պահելու համար ամբողջ հայրենիքը չպիտի տանք․ Կարին Տոնոյան

«Ազատագրական շարժման» կողմից կեսօրից մեկնարկած իրազեկման երթերն ավարտվեցին Հանրապետության հրապարակում՝ շտապ հավաքի տեսքով։

5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանն իր խոսքում ասաց․ «Այսօր ժամն է հնչեցնելու Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, հնչեցնելու մեր հոգիների զանգերը, որովհետև այսօր վտանգի տակ է մեզ համար ամենաթանկը՝ մեր հայրենիքը։

Երեկ մենք դեռ պահանջում էինք բացել փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել։ Մենք տեսանք, որ այսօր պաշտոնապես խնդրեցին Ռուսաստանին, որպեսզի ռուսները միջնորդեն, որ առանց նախապայմանների հաշտություն կնքվի թուրքերի հետ։ Եվ այսօր մեր հին ցավին նոր ցավ ավելացավ ու նոր տագնապ։ Այդ ի՞նչ առանց նախապայմանների, այդ ի՞նչ պայմաններ եք մի կողմ դնելու, մեր հայրենիքի կորու՞ստն եք արձանագրելու և այդ հայրենիքի մեջ մտնելու է նաև Արցա՞խը։

Ես, ճիշտ է ծնվել, մեծացել եմ Հայաստանում, բայց Արևմտյան Հայաստանի ժառանգ եմ, 10 տարի իմ աշակերտներին տարել եմ Արևմտյան Հայաստան և չեմ պատրաստվում հրաժարվել որևէ կտոր հողից։ Գուցե կլինեն մարդիկ, որոնք կհամարեն, թե՝ այս ի՞նչ եք խոսում, այսօրվա Հայաստանը չենք կարողանում պահել, բայց հայրենիքը այն տարածքն է, Աստծո կողմից տրված, որ ամբողջություն է։ Այո, այսօր մենք կանգնած ենք վտանգի առջև՝ այս հայրենիքը կորցնելու, բայց դա չի նշանակում, որ մենք այդ վտանգինց պիտի կորցնենք մեր ամբողջ հայրենիքը, կամ այս մի կտորը պահելու համար պիտի տանք ամբողջը․ ինչպես իրենք են իրենց գրքերում արձանագրում։ Չի կարող այդպիսի բան լինել․ մարդն իր ձեռքը փրկելու համար ամբողջ մարմինը չի տալիս»։

Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել՝ դուրս գալու փողոց ու պայքարելու։ Նա վստահություն հայտնեց, որ շուտով ավելի են շատանալու, քանի որ ժողովուրդը պարզապես ուզում է հավատալ, որ կան այն մի քանի հազարները, որ պատրաստ են մինչև վերջ գնալ։

«Իսկ մենք այսօր բոլորով պիտի ասենք՝ գնում ենք մինչև վերջ։ Մինչև մեր երկիրը չազատենք այս ազգադավներից»,-ասաց Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ հավաքին ներկա է որպես մայր, որպես մանկավարժ, որպես հայ։ «Ես որևէ մեկին թույլ չեմ տա բանակցել իմ որդու արյամբ պահած թեկուզ մեկ կտոր հողի համար և կոչ եմ անում բոլորին, դիմում եմ բոլորին՝ գիտնականին ու գյուղացուն, ուսուցչին ու ուսանողին, բժշկին, շինարարին, բոլորին եմ դիմում։ Դուք ամեն մեկդ կանգնած եք մեկ կտոր հողի վրա, ձեր տունը կառուցված է մեկ կտոր հողի վրա, և այդ ձեր տան կտորի համար ես չեմ կարող մենակ պայքարել, այստեղի հազարով չենք կարող պայքարել, յուրաքանչյուր մեկը թող պայքարի իր ոտքերի տակի հողի համար, իր տան հողի համար, որովհետև այդ հողը որքան թանկ է ձեզ համար, այնքան թանկ է Շուռնուխում կամ Տավուշում ապրող մարդու տան հողը, որն այսօր տալիս են ընդամենը ստորագրությամբ»,-ասաց 5165 շարժման ղեկավարը։

Կարին Տոնոյանը նշեց, որ իր թոռնիկը մինչ օրս չի իմանում, որ հայրը՝ Մենուա Հովհաննիսյանը չկա, սպասում է իր հորը։ Հանուն նման երեխաների վաղվա կյանքի է ինքը դուրս եկել պայքարի։

«Ես մայր եմ, կանգնած եմ այստեղ, պարոն վարչապետ, և սպասում եմ ձեզ։ Դուք ընտրվել եք առանց ոստիկանների, դուք ընտրվել եք և ասել՝ ժողովուրդը որոշի, մինչև ժողովուրդը չորոշի, ինձ իրավունք չտաք՝ ոչինչ չեմ ստորագրելու և ուրեմն «լայվի» հետևում մի թաքնվեք, դուրս եկեք այստեղ, կանգնեք ժողովրդի մեջ առանց ոստիկանների և պատասխանեք մեր հարցերին։ Միայն այդպես մենք կարող ենք լսել ձեր պատասխանները, հակառակ դեպքում ձեր պատասխանները միայն ձեր սարքովի հարցերի համար են, ձեր ֆեյքերի հարցերի համար են։ Այլևս չկա այդ միամիտ ժողովուրդը։ Ձեզ ոչ ոք չի հավատում այս երկրում»,-ասաց Կարին Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել