Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել:
Նա առաջարկում է օրենքի 138-րդ հոդվածը (Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունները) լրացնել նոր՝ 11.1-րդ մասով.
«11.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու է առաջադրում Արթուր Ղազինյանին: Նա 12 անգամ չի ընտրվել այդ պաշտոնում:
Նշենք, որ խմբակցությունը հրաժարվում է այլ թեկնածուի առաջադրել: