Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ ՊՆ

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ պսշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

21։45-ին ՊՆ-ն հաղորդեց․ «Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել