Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել. Անահիտ Ավանեսյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել:

«Այս դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամների, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացակարգով: Հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Մենք ունենք 100-ից ավել հղիներ, որոնց կեսն ունեն թոքաբորբ, տարբեր ծանրության աստիճանների, և մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս նրանց լավագույն բժշկական օգնություն տրամադրելու»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակը մնում է լարված: Նախորդ 2 շաբաթների ընթացքում դպրոցների արձակուրդները և բուհերի առցանց դասերի վարման ընթացքը որոշակի դրական միտում ունեցել է:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը և դրական որոշակի տեղաշարժ կա, բայց հիվանդությունից մահվան դեպքերից հնարավոր է խուսափել միայն պատվաստումների շնորհիվ: Պատվաստումներն այն միջոցն են, որոնք որ ի վերջո երկրներում բերում են իրավիճակի կայունացման, մահվան դեպքերի նվազման»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ երեկվա դրությամբ իրականացվել է 890 797 պատվաստում։ Երկրորդ դեղաչափը ստացել է 276 948 անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել