Կալանավորվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ՆորքՄարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, դատարանը բավարարել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ Երևան քաղաքի ՆորքՄարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով գնորդի վստահությունը, փորձել էր խարդախությամբ վաճառել և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4.834.900 ՀՀ դրամ գումար:

Քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև այն մասին, որ իր իրավասությունների շրջանակներում գնորդի օգտին գործողություններ կատարելու դիմաց վարչական շրջանի ղեկավարի տեղակալը առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ համաձայնության է եկել գնորդի հետ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՆորքՄարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել